Արցախցի Հովիկ Հակոբյանը նամակ է գրել Ձմեռ պապիկին, որում ասվում է.
«Բարև, Ձմեռ Պապ։ Ես Հովիկն եմ՝ 56 տարեկան: Կյանքում առաջին անգամ որոշել եմ նամակ գրել Ձեզ։ Ինչու՞ առաջին անգամ, որովհետև երբ փոքր էի, ինձ թվում էր, թե ամեն ինչ անում էիք առանց նամակ գրելու։ Մեծանալով հասկացա, որ այս կյանքում ամեն ինչ պետք է խնդրել։
Ձմեռ Պապ, իմ երկրում (Դուք գիտեք, թե որն է իմ երկիրը) ես ապրում էի երջանիկ ու անհոգ։ Աշխատում էի քարերի հետ, խոսում ու պատմում էի քարերին սիրո ու գեղեցկության մասին։ Եվ, հավատացեք, որ քարերը երջանիկ էին ինձ հետ: Հետո քարերը լռեցին ու մի օր ասացին, որ նախկիններն էին մեղավոր, ու մի ամբողջ ազգ թողեց իր երկիրը, թողեց իր պատմությունը և բոլորս եկանք մեր նոր երկիրը։
Եկանք ու տեսանք, որ այստեղ ապագան է մեղավոր։ Մեր նոր երկրում կորցրի ընկերոջս։ Հուսով եմ, որ նրա հոգին ընդմիշտ կմնա Արցախում։ Զմեռ Պապ, ճանապարհին ինձնից խլեցին մյուս ընկերոջս։ Խնդրում եմ, եղիր իմ ազգի կողքին, օգնիր իմ հայ ժողովրդին` այս տարվանից ճիշտ ճանապարհ բռնել, իսկ իմ հայրենակիցներին` Բաքվի բանտից վերադառնալ իրենց տներ։
Ձմեռ Պապ, եթե մի բան քո ուժերից վեր է, խնդրում եմ, այս նամակը փոխանցիր Աստծուն։
Երազանքներով ապրող՝ Հովիկ Հակոբյան»։