Հետևեք մեզ։

Տեր Բագրատ արքեպիսկոպոսի ելույթը. ո՞րն է պատճառը և ի՞նչ մեսիջ ուղարկելու համար է Փաշինյանն Ամանորյա ծրագրից հանել Կաթողիկոսի ուղերձը

13:35, 02 հունվար 2024
Տեր Բագրատ արքեպիսկոպոսի ելույթը. ո՞րն է պատճառը և ի՞նչ մեսիջ ուղարկելու համար է Փաշինյանն Ամանորյա ծրագրից հանել Կաթողիկոսի ուղերձը

Hayastan.news-ի տեղեկություններով` Ամենայն հայոց կաթողիկոսի ավանդական ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության ծրագրից դուրս թողնելը պայմանավորված է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով, որը դուր չի եկել Փաշինյանին և խանգարել է նրա վարած արտաքին քաղաքականությանը։

 

Աղբյուրի փոխանցմամբ` այսպես, թե այնպես Հանրայինն ու նրա հետ աշխատող ՀԿ համայնքի ներկայացուցիչները, իշխանությունները քաղաքականություն մշակել են եկեղեցուն ստվերելու համար, իսկ Փաշինյանը  գտել է իր համար ևս մեկ առիթ` պետական ևս մեկ օղակի մակարդակով Ալիևին ապացուցելու, որ Հայաստանը որևէ պահանջ չունի Ադրբեջանից, «իսկ Բագրատ Սրբազանի ելույթը անհետագիծների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել»։

 

«Բանն այն է, որ վերջերս` կիրակնօրյա քարոզի ժամանակ, հեղինակավոր հոգևորականն ասել էր` այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, և այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը»,-ասաց աղբյուրը` հավելելով, որ որպես եկեղեցու հետ անհամաձայնության մեսիջ, Փաշինյանը որոշել է Գարեգին Բ-ի ելույթը հանել Հանրայինի Ամանորյա ծրագրից և առաջարկել և լուծում գտնել, իսկ  Հանրայինը Մայր Աթոռին առաջարկել է ուղերձը հրապարակել լուրերի ժամին։

 

«Սակայն, կասկածներ կան, որ դա առաջարկել են, իմանալով, որ Մայր Աթոռը չի հանաձայնի, այլապես այդ առաջարկը ևս չէր արվի, քանի որ խնդիրը մեսիջն է` ցույց տալու, որ Հայաստանում տեղ չունեն մարդիկ, ովքեր հիշում են, օրինակ, Արցախը, վատ երանգ տալով ռևանշիստներին, ինչպես մեր թշնամիները, հասկացնում են, որ իշխանությունը դեմ է նրանց, պահանջ չունի, պատմություն չունի...»-նշեց աղբյուրը։

 

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` այդ թեմայով Փաշինյանը ևս մեկ քննարկում ունեցել է, սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և լրացուցիչ ճշգրտումներ կատարելու հնարավորության բացակայությունը, ընթերցողին չենք հայտնի, թե երբ ու ում հետ է քննարկել այդ թեման Փաշինյանը և ինչ է ասել։