Հետևեք մեզ։

Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր. Փաշինյան (տեսանյութ)

16:27, 04 հունվար 2024
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր. Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մանկապարտեզների, դպրոցների կառուցման ծրագրին և նշել, որ հանձնարարական է տվել փոխվարչապետին՝ այս պահի արդյունքներով գույքագրում և աուդիտ անելու վերաբերյալ. «Պետք է հասկանանք, թե 500 մանկապարտեզի, 300 դպրոցի ծրագրերն ինչ փուլում են գտնվում, ուր ենք հասել»:

Վարչապետը նշել է, որ մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն խնդիրներ է բացահայտել: «Մասնավորապես՝ դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ և ուզում եմ այդ պրոբլեմների մի մասը կիսել ձեզ հետ՝ արձանագրելով, որ առաջինը գործ ունենք շատ դեպքերում նախագծման խոտանի հետ, երկրորդը՝ իրականացման խոտանի հետ, և երրորդը՝ գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները պատասխանատու են բոլոր ծրագրերի համար՝ անկախ նրանից թե ով է պատվիրատուն, ով է կատարողը և նշել, որ նման իրավիճակ չի հանդուրժելու: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների մասով բացատրություններ, այլ պետք են լուծումներ. «Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր»:

Վարչապետը նշել է նաև, որ նման վերաբերմունքը նաև հոգեբանական առումով է կարևոր. «Սա շատ լուրջ, խորը պրոբլեմ է, և այն չի վերաբերում կոնկրետ ծրագրերին: Սա վերաբերում է այն հոգեբանությանը, որով մենք մեր պետությանը վերաբերում ենք: Դա վերաբերմունք է պետության նկատմամբ: Մենք նաև դրանով մեր երեխաներին ենք վերաբերմունք հաղորդում մեր պետության նկատմամբ»: