Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար։ Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը։ Խաղաղության պայմանագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիրներ են մնացել։ Այս մասին լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեփ Հաջիևը․
«Վերջերս երկու երկրներն էլ աշխարհին ապշեցրել են դրական օրակարգով։ Խոսքս վերաբերում է դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի վարչակազմերի շրջադարձային համատեղ հայտարարությանը, որի արդյունքում փոխադարձ փոխանակման գործարքի շրջանակներում ազատ են արձակվել 34 զինծառայողներ։ Բացի այդ, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ անդամակցելու Արևելյան Եվրոպայի խմբի Կլիմայական կոնֆերանսի բյուրոյին, իսկ Հայաստանը սատարել է Ադրբեջանի թեկնածությունը՝ ՄԱԿ-ի Կլիմայի 29-րդ համաժողովը (COP) ընդունելու համար։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը ունակ են առանց միջնորդների ուղիղ երկկողմ բանակցություններ վարել։
Հաջիևն ասել է, որ այս պահին իրենք «խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ չեն տեսնում»։
Իսկ հարցին, թե երբ կկնքվի այդ պայմանագիրը, Հաջիևն ասել է․ «Մենք այժմ ականատես ենք լինում երկու երկրների հարաբերություններում վերջին երեսուն տարիների ամենահանդարտ օրերի։ Իսկ վերջերս՝ Սանկտ Պետերբուրգում, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպումը նույնպես դրական ընթացք ունեցավ։ Սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ դժվար է խոսել, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են հետագա բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նպատակահարմար է ձեզ կաշկանդել խիստ ժամկետներով՝ դրանով իսկ աշխատելով ժամանակի ճնշման տակ»: