Հետևեք մեզ։

Խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական․ Ասողիկ աբեղա Կարապետյան

21:40, 04 հունվար 2024
Խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է, որ ամեն գնով փորձում են ոչնչացնել եկեղեցին:

«Հայոց աշխարհն աստվածային Սբ Երկիրն է:
 
Միմիայն Հայոց աշխարհում է, որ Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոս իջավ Իր աստվածային ողջ փառքի լույսով՝ Հայաստանի սրտում կերտելով լուսեղեն Սուրբ Էջմիածինը. միեղենը, հզորն ու հավիտենականը:
 
Այս աստվածային ճշմարտությունը խորագույնս խոցում, կուրացնում և մոլագարության մեջ է գցում Աստծուն խաչողներին և աշխարհին տիրել նկրտողներին և իրենց վաճառված հոգիներին... Եվ տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական՝ Քրիստոս Աստծո հավատարիմ, ուղղադավան և նպատակասլաց տապանը:
 
Եվ, սակայն, պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին Հայկական՝ պահպանելով ազգային Սբ Ավանդը և բացելով օրհնյալ գալիքը հայոց աստվածակիր ազգի:
 
Հայ մարդ, դու՝ ի Հայաստան և ի Սփյուռս, մնա հավատարիմ քո հարազատ Մայր Եկեղեցուն, եղիր նվիրյալ և նախանձախնդիր զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շենացնողը Մայր Հայրենիքի:
 
Մեր սիրառատ միասնությամբ և գաղափարական հզոր ուժով պետք է խորտակենք մեր Ազգի և Հայաստանի երևելի և աներևույթ թշնամուն ու իր կամակատարներին:
 
Քրիստոս Փրկչի Սբ Ծննդյան լույսով լուսավորված և սիրով այլակերպված՝ ապրենք Հայկաբար և տեր լինենք մերազնյա Սբ Ավանդին»: