«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Իրանում տեղի ունեցած մահացու պայթյունների պատասխանատվությունը 4 տարի առաջ սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, ըստ վերջին ճշգրտված տվյալների, զոհվել է առնվազն 84 մարդ (ավելի վաղ հայտնում էին 103 մարդու մահվան մասին)։
«Իսլամական պետությունը» իր տելեգրամյան հաշիվներում հայտնել է, որ պայթյուններն իրականացրել են իրենց երկու հետևորդները՝ պայթուցիկներով լցված գոտիների միջոցով։
Իրանական պետական լրատվամիջոցները նաև ավելի վաղ հայտնել էին, որ պայթյուններից առնվազն առաջինն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, և հավանաբար երկրորդը նույնպես: