ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է արել պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
«Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։ «Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են այս ահաբեկչական գործողության մեղավորներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Նրանք կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ ակտիվորեն համագործակցել կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։