Հետևեք մեզ։

«Խաղաղության պայմանագրի» նախագծին ծանոթ ենք․ 29 800 քկմ-ի մասին խոսք չկա, զորքերը մնալու են ՀՀ տարածքում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ՝ Բաքվի բանտում․ Իշխան Սաղաթելյան

16:09, 05 հունվար 2024
«Խաղաղության պայմանագրի» նախագծին ծանոթ ենք․ 29 800 քկմ-ի մասին խոսք չկա, զորքերը մնալու են ՀՀ տարածքում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ՝ Բաքվի բանտում․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴՅ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․«Այդ փաստաթուղթը նոր հարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ։ Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա»։

Ըստ Սաղաթելյանի՝ այդ փաստաթղթով Ադրբեջանը մինչ այս ձեռք բերածն ամրագրում է․ «Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝  «պայմանագիրը ստորագրելիս ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա թողնվելու է ապագայի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում»։

 

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այս իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։

 Բացի այդ, Սաղաթելյանի խոսքով՝ պայմանագրի նախագծում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու մասին։