Հետևեք մեզ։

Կոմունիկացիաները բացվելու են ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո․ ԱԽ քարտուղար․ News.am

17:05, 05 հունվար 2024
Կոմունիկացիաները բացվելու են ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո․ ԱԽ քարտուղար․ News.am

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին։

Հիքմեթ Հաջիևը նախօրեին «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում մեղադրել է Հայաստանին «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացնելով «2020 թվականի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից» խուսափելու մեջ և պնդել, թե Հայաստանը չպետք է վախենա «միջանցք» տերմինից։

«Հայաստանը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, թեև նախագիծը վերաբերում է հենց տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Հայաստանով երթուղու բացումը Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն: Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես սպառնալիք՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը Հայաստանի ծայր հարավով չի ազդի Հայաստանի և Իրանի միջև առևտրային ուղու վրա։ Այս երկու երթուղիները հատվում են առանց միմյանց արգելափակելու։ Միշտ էլ հնարավոր է ընդունելի պայմաններ գտնել, եթե դրա համար կա քաղաքական կամք։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային ուղիների համատեքստում։ Տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից։ Այս երթուղին Հայաստանը չի բաժանի երկու մասի»,- նշել էր Հաջիևը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Վերջերս վարչապետն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի շրջանակում հենց այս սկզբունքների պահպանմամբ ապաշրջափակման իրականացման դեպքում հավելյալ կայունություն ու խաղաղություն կապահովվի տարածաշրջանում։ Անհրաժեշտություն կա նաև աշխատելու խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ունենանք։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Իրանի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում համընկնում են»,- նշել է Գրիգորյանը։

Հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու համար, ԱԽ քարտուղարն արձագանքել է, որ դա հարցի առավել տեխնիկական մասն է։

«Ապաշրջափակման նշածս 4 սկզբունքները համաձայնեցնելու մասին հրապարակային հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաև պարզեցման այդ մեխանիզմենրի շուրջ։ Մենք լսել ենք Ադրբեջանից համաձայնություն այդ սկզբունքների շուրջ, ակնկալում ենք, որ նրանք հրապարակային ևս կհայտարարեն այդ մասին, և կշարունակենք աշխատել հետագա քայլերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։