Հետևեք մեզ։

Ոչ, չկա․ համակարգային կոռուպցիան կբացատարե՞ք՝ որն է․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

17:06, 30 մարտ 2023
Ոչ, չկա․ համակարգային կոռուպցիան կբացատարե՞ք՝ որն է․ Ռուստամ Բադասյան  (տեսանյութ)

Մոտ երկու ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ պաշտոնատար անձանց էր ձերբակալել կոռուպցիոն գործարքներ կատարելու, կաշառք վերցնելու կասկածանքով։ Մասնավորապես, ձերբակալվել էին ՊԵԿ մաքսային ոլորտի աշխատակիցներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա այս գործով, արդյոք նոր բացահայտումեր կա՞ն, կամ նոր ձերբակալվածներ կա՞ն։ Բադասայնն ասաց՝ այս հարցով պետք է դիմել իրավապահ մարմիններին, ինքը լիազորված չէ նրանց փոխարեն պատասխանել։

«ՊԵԿ-ում ամեն օր բացահայտումներ լինում են, և ամեն օր բացահայտումների մասին տեղադրում ենք կայքերում»-ասաց Բադասյանը։

-Վերջին երկու-երեք օրվա կտրվածքով նայել եմ՝ չկար։

-Կարող է՝ չկա, դեռ տեսանյութերն են պատրաստվում, բայց, էլի եմ ասում, ամեն օր ինչ-որ բացահայտում լինում է կամ իրավախախտման դեպք։ Եթե լինում է ներքին անվտանգության վարչության կողմից բացահայտում, դա էլ ենք տեղադրում և հաղորդագրություններ ենք ուղարկում իրավապահ մարմիններին, այդպիսի դեպքեր վերջին շրջանում էլի եղել են։

-Այսինքն՝ շարունակվում են կոռուպցիոն դրսևորումները, գոնե մաքսային համակարգում։

-Այսինքն՝ կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը, որը բավականին արդյունավետ է, շարունակվում է։

-Հիմա համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ չկա ՊԵԿ-ում։

-Ոչ, չկա։ Համակարգային կոռուպցիան կբացատարե՞ք՝ որն է։

-Ես հասկանում եմ այսպես, որ ՊԵԿ-ը՝ որպես համակարգ, իր ներսում ունի կոռուպցիոն դրսևորումներ, և պարբերաբար մարդիկ՝ մաքսային աշխատողներ, տեսուչներ, կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում։

-Ինձ թվում է՝ կա ցանկություն ու միտում որոշ անձանց կամ որոշ շրջանակների կողմից ՊԵԿ-ի արդյունավետ գործունեության համատեքստում ներկայացնել այնպիսի երևույթներ, որ ՊԵԿ-ում կոռուպցիան բավականին լայն տարածում ունի, որ բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, բայց դա այդպես չէ։ Իսկ այդ մարդիկ ու այդ մարդկանց փորձերը կարեկցանք են առաջացնում։

-Ո՞ւմ նկատի ունեք։

-Այն մարդիկ, ովքեր վախենում են ՊԵԿ-ի բացահայտումներից, օրինակ՝ հարկերի թերհայտարարագրման, դրանց չվճարման, դրանց արդյունքում բացահայտումների, հնչեղ գործերի և այլն․․․ Միգուցե այդ մարդիկ, միգուցե ինչ-որ այլ մարդիկ։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ