Իմ աղոթքները մի բանի մասին են միշտ, որ ձևից դառնանք վերջապես բովանդակությանը, որ Տիրոջ ծննդյան ավետիսի լույսը տանենք եկեղեցուց մեր սրտում, ոչ թե դողանք մարող մոմի վրա, որը դեռ անավարտ Պատարագից ենք դուրս տարել, որ Հայրենիքը սիրենք գործով և ամբողջ էությամբ, ու պաշտպանենք չարից, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրը կպաշտպաներ իր երեխային՝ չթողնելով միայնակ վտանգի մեջ:
Այս մասին գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը.
«Ես աղոթում եմ բոլորի համար՝ «մեղավոր», թե «անմեղ», որովհետև կործանվելիս ու կորցնելիս բոլորս ենք անկելու, իսկ այդ անկումը կարող է ճակատագրական վերջաբան դառնալ....
Քրիստոս ծնավ և հսյտնեցավ մեր մեջ, մե՜զ համար, հանուն մե՜ր փրկության ու հանուն լույսի հաղթանակի։
Թող ուրեմն Քրիստոսի գալուստով սերը խտանա շատանա, տարածվի այնքան, որ դուրս մղի վերջապես իմ Երկրից չարին, դուրս մղի թերին, ու նոր ուժ տա Հային ու վանի խավարը:
Որ Քրիստոնյա կոչվող ժողովուրդն ի վերջո չմնա լոկ թղթին գրված մի փաստ, կամ պատմության փոշոտ հերթական մի էջ, այլ դառնա իրականություն՝ իր հավատքով, սիրով ու Հայրենիքը իր հողում պահելու ձգտումով:
Քրիստոսի ծնունդով թող օրհնված լինի այս նոր տարին, ու բուժի՜, բուժի՜, ամոքի՜ հայի ցավերը, խաղաղություն տա աշխարհին ու Հաշտություն՝ ինքներս մեզ, թող ուժ տա Պայքարելու հանուն միակ ու այդքան խեղճացած մեր երկրի, որ անխեղճ դառնա, բայց խղճով, որ ներող լինի, բայց ուժեղ, որ արդար ցասումով լինի, բայց անչար, որ խսղաղ լինի, բայց ոչ՝ անճար...
Քրիստոս Ծնավ և հայտնեցավ:
Մեզ և ձեզ Մե՜ծ Ավետիս»։