Հետևեք մեզ։

Լաստանավի գործարկման աշխատանքները դեռևս ընթանում են, կրկին չեմ կարող ժամկետ ասել․ Քերոբյան (տեսանյութ)

18:17, 30 մարտ 2023
Լաստանավի գործարկման աշխատանքները դեռևս ընթանում են,  կրկին չեմ կարող ժամկետ ասել․ Քերոբյան (տեսանյութ)
 
Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր Վերին Լարսի անցակետին այալընտրանք է փնտրում։ Նախ խոսում էին ռուսների ու վրացիների հետ բանակցելու և նրանց միջև կոնֆլիկտը հարթելու մասին, որպեսզի դրա արդյունքում գործարկվեր Վրաստանից Աբխազիայով դեպի Ռուսաստան ճանապարհը։ Դա, բնականաբար, չստացվեց։ Ուղիղ մեկ տարի առաջ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացավ, որ Փոթիի նավահանգստից հայկական լաստանավեր են գործարկվելու՝ դարձյալ որպես Լարսին այլընտրանք, և կառավարությունն էլ սուբսիդավորելու է այդ լաստանավային բեռնափոխադրումները։ Այդ խոստումից մեկ տարի է անցել, բայց այդ լաստանավային փոխադրումն այդպես էլ կյանքի չի կոչվել։
Նախարար Քերոբյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում նախ անդրադառնալով Լարսում կուտակումների խնդրին՝ ասաց․ «Դե, սեզոնին Լարսում որոշակիորեն ցեխահոսքերից խուսափելու նպատակով ժամանակ առ ժամանակ փակում են ճանապարհը, որպեսզի կարողանան ապահովել անվտանգությունը, բայց դա երկար չի տևում։ Հիմա որևիցե կրիտիկական իրավիճակ չունենք, անընդհատ բացվում, փակվում և այլն, և այնտեղ մեծ հերթերի մասին որևիցե տվյալ մենք չունենք, այսինքն՝ մենք գիտենք, որ շատ կարճ հերթեր են, և բեռնատարները հանգիստ անցնում են Վերին Լարսի լեռնանցքով»։
 
-Էկոնոմիկայի նախարարությունն այս ամիսներին տնտեսվարողների համար որևէ աջակցության ծրագիր իրականացրե՞ց՝ հաշվի առնելով Լարսում առաջացած ճգնաժամային իրավիճակը։
 
-Մենք նայել ենք տարբեր սեգմենտների եկամտաբերությունը, և, ընդհանուր առմամբ, հանգել ենք նրան, որ չնայած՝ որոշ ընկերություններ մեծ վնասներ են կրել Վերին Լարսի՝ անցած տարվա երկար ժամանակահատվածներով փակ լինելու պատճառով, բայց, ընդհանուր առմամբ, ընկերությունները տարեկան արդյունքներով կարողացել են ապահովել բավարար եկամտաբերություն, և մենք որոշել ենք, որ հանրային միջոցները այս սեգմենտի մարդկանց օգնելուն չենք ուղղում։
 
-Ձեր կառավարությունը Լարսին այլընտրանք էր մտածում՝ դեռ 2018 թվականից սկսած, խոսքը Աբխազիայով ճանապարհի մասին էր, բայց որևէ առաջընթաց չեղավ, լաստանավ էլ գնեցիք, բայց դա էլ որպես այլընտրանքային միջոց չաշխատեց։ Ի վերջո, Լարսին այլընտրանք լինելո՞ւ է, թե՞ ոչ։
 
-Գիտեք, որ Աբխազիայի ճանապարհը մեզանից շատ քիչ է կախված, և դա Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, և մեզնից հասանելիք ամեն ինչ անում ենք, որ այդ խնդիրը լուծվի, քանի որ դա մեզ անհրաժեշտ է։
 
-Իսկ ի՞նչ եք անում, կառավարության մակադրակով ինչ-որ բան արվո՞ւմ է, վերջին արած քայլերը կհիշեցնե՞ք։
 
-Չեմ կարող ասել, ավելի ճիշտ՝ չեմ ասի։
 
-Բայց անում եք։
 
-Դե, արդեն պատասխանեցի Ձեր հարցին։ Իսկ ինչ վերաբերում է լաստանավին, ապա լաստանավ չենք գնել, այսինքն՝ մեր կառավարությունը լաստանավ չի գնել, լաստանավի գործարկման աշխատանքները դեռևս ընթանում են, չեմ կարող էլի ժամկետ ասել, գիտեք՝ մենք հիմա ապրում ենք ամեն օր փոփոխվող միջավայրում։
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ