Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, ում մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու եվրոպացի պատգամավորի աթոռը։ Նախօրեին բելգիական Soir հրատարակությունը հայտնել էր, որ Միշելը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում կարող է գլխավորել «Բարեփոխումների շարժում» բելգիական ազատական կուսակցության թեկնածուների ցուցակը։
«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրոպական ընտրություններին»,- ասել է Միշելը բելգիական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող համատեղվել Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի հետ, ուստի նա հրաժարական կտա մինչև հուլիսի 16-ը` Եվրոպական նոր գումարման պատգամավորների երդման օրը: