Հետևեք մեզ։

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

11:40, 08 հունվար 2024
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

 Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ծնվել է 15 հազար 606 երեխա, որից 8069-ը՝ տղա, 7837-ը՝ աղջիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց, որ Երևանում դեկտեմբերին ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա և 856 աղջիկ:

«Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Բնակչության բնական աճը կազմել է 7.9 տոկոս»,-ասաց Կարապետյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ դա նորմա՞լ հարաբերակցություն է: «Մոտավորապես 51 և 49 տոկոս պետք է լինի հարաբերակցությունը: Տղաների հարաբերակցությունը մի փոքր ավել է: Այնուամենայնիվ, հղիության սելեկտիվ ընդհատումների դինամիկան ոնց որ դրական է, բայց դեռևս առկա է: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ պետք է խոսել դրա մասին: Այդ տեսակ մտածելակերպի ժամանակաշրջանը վաղուց անցել է: Կարծում եմ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում»,-ասաց Ավինյանը:

Քաղաքապետը հավելեց՝ նոր տարին պետք է սկսել այդ մտածողության փոփոխությամբ։ Անկախ սեռից՝ բոլորն էլ ունեն ծնվելու ու ապրելու իրավունք, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շատ սխալ  ու բնության դեմ գործընթաց են:

Ըստ Ավինյանի՝ այս առումով կրթական մեծ բացթողում կա, և պետք է աշխատել ընտանիքների հետ: Նա հորդորեց այս ուղղությամբ ծրագիր առաջարկել: