Հետևեք մեզ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմքն է եղել Մոսկվայում բանակցությունների, այո, եղել, հիմա չկա նոյեմբերի 9-ի․․․ ․ Արմեն Գրիգորյան

00:10, 09 հունվար 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմքն է եղել Մոսկվայում բանակցությունների, այո, եղել, հիմա չկա նոյեմբերի 9-ի․․․ ․ Արմեն Գրիգորյան

Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Գիտեք, որ սեպտեմբերի 19-ից սկսած տեղի է ունեցել էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում, մենք մինչ այժմ որևէ բացատրություն չենք ստացել, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ինչպես  է տեղի ունեցել էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ղազարյանի դիտարկմանը, թե բացատրություն ստացվել է ամենաբարձր մակարդակով․ «Դուք ճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իրենք էլ ինչ անեին»։

Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՌԴ նախագահն ավելի վաղ է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում․ «ՌԴ նախագահը 2020-ի դեկտեմբերին և հունվարին հարցազրույցներ է տվել և ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, այսինքն ինքը ճանաչում էր մինչ այդ»։

Դիտարկմանը,թե դա ՌԴ-ն է, իսկ սա՝ մենք, Արմեն Գրիգորյանն ասաց․«ՌԴ-ն ունեցել է նոյեմբերի 9-ի համաձայնագիր, և այդ համաձայնագրով ՌԴ-ն պարտավորություն ուներ ապահովել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և մենք դրա բացատրությունը չունենք»։

Հարցին, թե  էթնիկ զտման բացատրությունը չկա, դրա համար չե՞նք գնում մոսկովյան հարթակներ, Գրիգորյանն ասաց․«Ասում եմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հիմքն է եղել Մոսկվայում բանակցությունների»։

Եղե՞լ, հարցրեց Պետրոս Ղազարյանը, ինչին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց․ «Եղել, այո, հիմա չկա նոյեմբերի․․․»։

Ճշտող հարցին, թե չկա՞ հայտարարությունը, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Լեռնային Ղարաբաղում հայ չկա»,-ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց՝ հա, բայց մենք չենք չեղարկել։

«ԼՂ-ում էթնիկ զտում է տեղի ունեցել և ՌԴ-ն մեզ բացատրություն չի տվել։ Դե, ոչ ոք ստորագրությունը հետ չի վերցրել, բայց ԼՂ-ում գետնի վրա այլևս հայ չի մնացել»։