Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: (Դատավճիռը կարող է բողոքարկվել մինչև փետրվարի 9-ը, Hayastan.news)
Լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մասնավորապես՝ լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքերը բացակայում են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: