ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում անկեղծ ցավակցություն է հայտնել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը: Հաստատվեց միջազգային ահաբեկչությանը հակազդելու ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում տիրող իրավիճակի շուրջ։ «Ընդգծվել է երկու երկրների ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կառուցման արդիականությունը», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 9-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։