Հետևեք մեզ։

Պենտագոնի ղեկավարը վիրահատվել է, նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ մանրամասներ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի առողջական վիճակի մասին

01:13, 10 հունվար 2024
Պենտագոնի ղեկավարը վիրահատվել է, նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ մանրամասներ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի առողջական վիճակի մասին

2023 թվականի դեկտեմբերին մասնագետները ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել, նա վիրահատվել է, հունվարի սկզբին Պենտագոնի ղեկավարը հոսպիտալացվել է բարդությունների պատճառով։ Այս մասին ասվում է Մերիլենդի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ։

 

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին հերթական հետազոտության ժամանակ Օսթինի մոտ ախտորոշվել է «քաղցկեղ, որը բուժում է պահանջում»։ Այդ կապակցությամբ դեկտեմբերի 22-ին նա ենթարկվել է «նվազագույն ինվազիվ» վիրահատության։ «Նա այս պրոցեդուրաների ընթացքում գտնվել է ընդհանուր անզգայացման տակ»,- հայտնել են կենտրոնից։ Հաջորդ օրը Օսթինը վերադարձել է տուն։ «Նրա մոտ քաղցկեղը վաղ է հայտնաբերվել, և կանխարգելումը գերազանց է», - նշվում է փաստաթղթում։

 

Մասնագետները հայտնել են, որ «2024 թվականի հունվարի 1-ին քարտուղար Օսթինը ընդունվել է Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, ներառյալ թեթև գլխապտույտ և ուժեղ ցավ որովայնի, ազդրի և ոտքի շրջանում»: 

 

Հունվարի 2-ին հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Փորձագետները նշել են, որ Օսթինը ապաքինվում է, և նրանք ակնկալում են, որ նա «լիովին ապաքինվի»: Կենտրոնից պարզաբանել են, որ «սա կարող է երկար գործընթաց լինել»։ Հունվարին հոսպիտալացվելուց հետո նախարարը «երբեք չի կորցրել գիտակցությունը կամ ընդհանուր անզգայացման տակ չի եղել»։

 

Ինչպես հունվարի 8-ին հայտնել է ԱՄՆ ռազմական խոսնակ Պատրիկ Ռայդերը, Օսթինը մտադիր չէ հրաժարական տալ այն պատճառով, որ Պենտագոնը ժամանակին չի տեղեկացրել իր ղեկավարի հոսպիտալացման մասին։ Ռայդերն ասել է, որ նախարարը «շարունակում է կենտրոնացած մնալ իր պարտականությունների կատարման վրա»:

 

Նույն օրը Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում պաշտոնանկ անել Օսթինին: Ինչպես ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, նախագահը «լիովին վստահում է» Օսթինին։