Հետևեք մեզ։

Երեւանում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի

14:55, 10 հունվար 2024
Երեւանում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը:

ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար:

Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը:

Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլեւ` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաեւ նպաստել է ստվերի կրճատմանը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը: Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով եւ մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: