Ուկրաինայում ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է 50 տարի առաջ բռնաբարության մեղադրանքով դատապարտված կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը։
Դրոբովիչի խոսքով՝ Փարաջանովի ռեաբիլիտացիայի մասին որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:
Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է Փարաջանովին հետապնդելու և դատապարտելու քաղաքական դրդապատճառի առկայությունը:
1974 թվականին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման՝ «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։