Հետևեք մեզ։

ԱՄՆ մեկնելու հերթը Բաբկեն Թունյանինն է

10:35, 31 մարտ 2023
ԱՄՆ մեկնելու հերթը Բաբկեն Թունյանինն է
 
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Ռուբեն Ռուբինյանը մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել, որով ԱՄՆ է գործուղելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական պատգամավորին։ Այս անգամ խոսքը Բաբկեն Թունյանի մասին է։

Համաձայն կարգադրության՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Համաշխարհային խորհրդարանական ֆորում 2023-ին մասնակցելու համար 2023 թվականի ապրիլի 8-13-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Կարգադրության մեջ նշված է նաև, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում ԱՄՆ էին մեկնել նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ական պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նկարներից դատելով՝ ԱՄՆ-ում է գտնվում նաև ՔՊ-ական պատգամավորներից Վիլեն Գաբրիելյանը։