ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է France-Presse-ը, արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռամալլահում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպմանը։
Բլինքենը, ըստ գործակալության, «վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծման շոշափելի միջոցներին»։ Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ պետքարտուղարը Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության շրջանակներում առաջ է մղում Վաշինգտոնի ծրագիրը, որը ենթադրում է, որ Պաղեստինի ազգային վարչակազմի «թարմացված» տարբերակը կկարողանա կառավարել Արևմտյան ափը և Գազայի հատվածը։ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծման հնարավորություն, ինչը փորձում է կանխել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ԱՄՆ պետքարտուղարը, հավելում է թերթը, «նշել է Հորդանան գետի Արևմտյան ափի անկայունության աճը և քննարկել է ծայրահեղականների բռնության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերը»: Դրա հետ մեկտեղ, ամերիկացի դիվանագետն ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ Իսրայելի կողմից հավաքագրված Պաղեստինի բյուջեի հարկային եկամուտները պետք է ստացվեն Պաղեստինի ինքնավարության կողմից «նախկինում կնքված համաձայնագրերի համաձայն»։