Հետևեք մեզ։

Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում (տեսանյութ)

19:53, 10 հունվար 2024
Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ միասին թատրոն գնալու պատրվակով վերջիններիս առաջարակվում է առցանց եղանակով գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։

Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուղարկվում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։

Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այժմ քննվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով նախաձեռնված 100-ից ավելի քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից։

 

Վերլուծական