Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել է զինվորների հետ, այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք: Երբ տեսնում եմ այս տղաներին, ինձ անչափ հպարտ եմ զգում: Ես նրանց մեջ զգում եմ հայ զինվորի ամենալավ, ամենաբարձր հատկանիշները՝ խոնարհություն, մի տեսակ իմաստուն լռություն և այդ լռության տակ լեցուն խոհունություն»,-ասել է Մանսուրյանը:
Նրա խոսքով՝ անմիջապես ուզում է զինվորներից իմանալ՝ ո՞վ ունի տանը, որտեղի՞ց է․ «Այդ բոլոր տները, մեր տղաների ընտանիքները հարազատ են ինձ համար: Իրենց ևս խոնարհումս եմ ուզում փոխանցել։ Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները: Շատ ուրախ եմ, որ եղավ այս հանդիպումը: Երբ տեղյակ չես զինվորի կյանքի, գործի, կացութաձևի մանրամասներին, մի այլ հոգեվիճակի մեջ ես գտնվում, բայց երբ գալիս ես, քո աչքերով տեսնում, ծանոթանում առօրյային և մանավանդ, երբ քեզ մանրամասն պատմում են ու ներկայացնում սահմանին տիրող իրավիճակը, այդ ամենը քեզ հուսալիության, ապահովության զգացում է ներշնչում, և դա, անշուշտ, մեծագույն հարստություն է»։