Հետևեք մեզ։

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը 20%-ով քիչ կվճարեն, եթե ծանուցումը ստացվի էլփոստով, իսկ 15 օրում վճարելու դեպքում կվճարեն 30 % քիչ

13:16, 11 հունվար 2024
Երթևեկության կանոնների խախտման տուգանքը 20%-ով քիչ կվճարեն, եթե ծանուցումը ստացվի էլփոստով, իսկ 15 օրում վճարելու դեպքում կվճարեն 30 % քիչ

Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում։ Այս մասին ասյօր Կառավարության նիստին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:

Այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս:  

«Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից:

Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: