Ես այս օրենքի ոգու հետ համաձայն չեմ: Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե սա ընդունելու դեպքում որտեղ են հայտնվում 13, 14, 15, 21, 22, 23 տարեկան պատանիները և երիտասարդները:
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին , որով նա առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ գումար վճարել եւ ավելի քիչ ժամկետով զինծառայություն անցնել, կամ ընդհանրապես զինծառայություն չանցնել՝ վճարելով 15 մլն դրամ եւ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
«12 տարեկան տղայի պապան չի՞ մտածի, որ 15 տարի հետո մեկ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ և նման օրենք կընդունի։ Չե՞ք անհանգստանում, որ բացասական վարքագիծ եք մտցնում երիտասարդների շրջանում»,-ասաց Աղազարյանը, ինչին ի պատասխան Սարգսյանը նշեց.
«Ոչ, նման բան չեմ մտածում: Նախ, ուրիշ Հայկ Սարգսյանի կարիք չի լինի, ես կլինեմ ԱԺ-ում, եթե մեր ժողովուրդը գտնի, որ արժանի եմ։ Գործող կարգավորումներով 27 տարին լրացած անձինք չեն կարող ծառայել բանակում: Այս օրենքը վերաբերում է նրանց, որոնք այսօր զինապարտ չեն։ Սա զորակոչին չի խոչընդոտում։