Հետևեք մեզ։

Երկու տարին բավարար է մասնագիտական հմտությունների ձևավորման համար. Արփի Դավոյանի առաջարկը դատախազներին քննություններից ազատելու հարցում

19:57, 11 հունվար 2024
Երկու տարին բավարար է մասնագիտական հմտությունների ձևավորման համար. Արփի Դավոյանի առաջարկը դատախազներին քննություններից ազատելու հարցում

Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով: ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ Արփինե Դավոյանի խոսքով նշված ժամանակահատվածը բավարար է անհրաժեշտ գործնական մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար:

 

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Հեղինակը տեղեկացրել է, որ փոփոխությունը հնարավորություն կտա ավելացնել դատախազների թիվը, որոնց պակասը կա ՀՀ դատախազությունում: Նշվել է, որ երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ է պահանջվում նաեւ ՀՀ քննչական կոմիտեում եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը: Նախագիծը դրական է գնահատել նաեւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

 

Նախագծի հեղինակ Արփինե Դավոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ հիմնավորելով առաջարկվող փոփոխությունը:

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: