Հետևեք մեզ։

ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները և իրավիճակը Եմենում ու դրա շուրջ

09:53, 12 հունվար 2024
ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները և իրավիճակը Եմենում ու դրա շուրջ

Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարձակվել են Եմենի ապստամբ Անսար Ալլահի (հութիների) շարժման թիրախների վրա։ Երկու պետությունների ներկայացուցիչների խոսքով՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների դիրքերը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

Hayastan.news-ը ներկայացնում է իրավիճակի մասին հիմնական տեղեկատվությունը։

 

Այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց

 

.Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով:

 

.Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը X-ի (նախկին Twitter) իր էջում հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը Անսարների գործողություններին։

 

.Մեկ այլ լրագրող հայտնեց, որ Բրիտանիան և Միացյալ Նահանգները «շուտով» հարվածելու են Եմենին։

.Հութիները վստահեցրել էին, որ պատասխան գործողությունների կդիմեն, եթե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օդային հարվածներ հասցնեն Եմենին։

 

Հարվածներ շարժման դիրքերին

 

.Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հութիների դիրքերի վրա հարձակվել են Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ, որը գտնվում է երկրի արևմուտքում։

 

.Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել էր հարվածների մասին:

 

.Ըստ Al Hadath-ի՝ պայթյունները տեղի են ունեցել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

 

.Sky News Arabia-ն հայտնել է, որ Սանայի միջազգային օդանավակայանը ուժեղ ռմբակոծվել է:

 

.Ամերիկյան NBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները նավերից հարձակումներ են իրականացրել Tomahawk թեւավոր հրթիռներով։

 

.Reuters-ի փոխանցմամբ՝ հութիների դիրքերի վրա հարձակումներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից ու սուզանավերից։

 

Բայդենի և Սունակի հայտարարությունները

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը պատասխան է Կարմիր ծովում «հութիների աննախադեպ հարձակումներին»:

 

Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ հարվածներն իրականացվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդեռլանդների աջակցությամբ։

 

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները «պաշտպանական բնույթ են կրել»։

 

Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի հրթիռակոծումը եւ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։

 

Վաշինգտոնը չի բացառում լրացուցիչ միջոցներ՝ ի պատասխան Եմենում հութիների գործողություններին՝ պաշտպանելու իրենց զինված ուժերը և միջազգային առևտրի ազատությունը։

 

Արձագանք

 

.Հութիների ղեկավարության խոսնակ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera-ին ասել է, որ շարժումը հարձակվելու է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաների վրա, եթե երկու երկրները սրեն ռազմական գործողությունների մասշտաբները:

 

.Ինչպես ասել է Եմենի արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Հուսեյն ալ-Ազիին, Լոնդոնը և Վաշինգտոնը «պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել» Եմենին զանգվածային հարվածների համար։ Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան։

 

.ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցում ասել է, որ հութիները դեռ չեն ձեռնարկել ուղղակի պատասխան քայլեր։

 

.Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ։

 

.Սաուդյան Արաբիան կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և կանխել տարածաշրջանում էսկալացիան։