Հետևեք մեզ։

ԼՂ-ում ռուս խաղաղապահների կողմից հայերի էթնիկ զտում թույլ տալու վերաբերյալ հայտարարությունները կործանարար են. Զախարովան հերքում է դրանք

13:50, 12 հունվար 2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների կողմից հայերի էթնիկ զտում թույլ տալու վերաբերյալ հայտարարությունները կործանարար են.  Զախարովան հերքում է դրանք

Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք կործանարար և իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։

«Տարօրինակ է, որ շարունակում են. մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, ձեռնտու է ինչ-որ մեկին այնտեղ։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք արտերկրում, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ասել է Զախարովան։