Արցախցի 31-ամյա Վազգեն Գրիգորյանը հիշում է 218 մարդու կյանք խլած՝ Ստեփակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունին նախորդած վայրկյանները, որոնք նրա մոտ վստահություն են առաջացրել, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէր։ Երեք պատերազմներին մասնակցած ու ընտանիքի միակ ապրուստը վաստակող տղամարդը նախորդ տարվա սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունից տուժածներից է։
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, Վազգենը NEWS.am-ին պատմում է՝ վառելիք չունենալու պատճառով շատերը չէին կարողանում դուրս գալ Արցախից, և երբ իմացել են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից պահեստում բենզին կա, բոլորը հազարներով այնտեղ են շտապել։
«Վերև նայեցի, տեսնեմ՝ դրոն է, մտածեցի՝ կարող ա մերոնք են, 1 րոպե չանցած տխկուն լսեցի ու տրաքոց եղավ։ Տրաքոցը հենց ուղիղ բունկերից էր, ոնց որ սարքած լիներ, տրաքեց, ընկա ներքևը ես։ Ով որ վերևն ա եղել, ներքև ա ընկել, կեսի բախտը բերել է, շպրտել է, ով ընկել է ներքև, մեկի վրա հաստ պանել է ընկել, ես ներքևից զոռով հելել եմ, որտեղ ես եղել եմ, շատ մարդ է եղել, բոլորը մահացել են, բախտս բերել է միայն ես եմ ողջ մնացել։ Ում ուզել եմ օգնել, արդեն գիտակցությունը կորցրած մարդիկ էին, մեկը լացում էր, մոկը՝ գոռում, մեկը պանելի տակ էր, վիճակս վատ էր, չէի կարող շատ սպասել, ես արդեն ինձ պիտի փրկեի։ Տեսնում էի, թե մարդիկ ինչպես են հալվում ։ Գնացի հեռու կրակից, մի հատ տրաքոց եղավ, դա ավելի ուշ եղավ, մի 30 մետր էր կրակի բարձրությունը, արդեն ոչինչ չէիր կարող անել, միայն քո մտքում շտապ օգնությանը հասնելն էր։ Ինչքան մարդ կար, այնքան էլ ավտոմեքենաներ կար, ձև չկար, որ շտապ օգնության մեքենաները մեզ հասնեին։ Ես հելել եմ տրաս, այնտեղ սկորի չկար։ Ինձ հարևանս պատահել է, ու ինձ հիվանդանոց հասցրել»,- պատմեց նա։