Հետևեք մեզ։

Իրավիճակը հարթվել էր, բայց Ալեն Սիմոնյանի գալուց հետո խառնաշփոթ սկսվեց․ Սեյրան Օհանյանը ծեծկռտուքի դեպքից մանրամասներ է ներկայացրել

15:01, 31 մարտ 2023
Իրավիճակը հարթվել էր, բայց Ալեն Սիմոնյանի գալուց հետո խառնաշփոթ սկսվեց․ Սեյրան Օհանյանը ծեծկռտուքի դեպքից մանրամասներ է ներկայացրել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին իրավապահները ոստիկանության բաժին են տարել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել,Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև․ ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Վարդանյանին։

«Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել։Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթվել էր, և ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել և ցանկանում են գործընթացին իրավական ընթացք տալ։ Այնինչ, եթե այդպիսի որոշում է կայացվել, պետք է երկուստեք լինի, որովհետև իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից։  Չէր կարող այնպես պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես վեր կացավ կոնֆլիկտ հրահրեց կամ հարվածեց»,- ասաց Օհանյանը։

Նա հավելել է, որ արդեն պայմանավորվել էին ոստիկանության հետ, որ Մհեր Սահակյանը ոստիկանություն գնա, սակայն այդ պահին ներս է մտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչից հետո իր աշխատասենյակում խառնաշփոթ է սկսվել։ «Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,-ասել է Օհանյանը։

Վերլուծական