Հետևեք մեզ։

Վահագն Ալեքսանյանը լավ էր արել` հարձակվել էր, իսկ այս դեպքը պետք է իրավական ու քաղաքական հետևանք ունենա․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան

15:08, 31 մարտ 2023
Վահագն Ալեքսանյանը լավ էր արել` հարձակվել էր, իսկ այս դեպքը պետք է իրավական ու քաղաքական հետևանք ունենա․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան

Եթե այդ երիտասարդը խելացի լինի, մանդատից հրաժարվելու դիմումը կգրի։ Հարվածը տեղի է ունեցել ոչնչի հիմքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով՝ այսօր խորհրդարանում գրանցված միջադեպին՝ ընդդիադիր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ հանձնաժողովի նիստին պատգամավորները բարձր են խոսել, Վլադիմիր Վարդանյանը փորձել է հանդարտեցնել․ «Բոլորի համար հանկարծակի ոտքի է կանգնել Մհեր Սահակյանը, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի գլխին, ականատեսների խոսքով՝ բավականին ուժեղ հարված է հասցվել, և փախել է նիստերի սենյակից և թաքնվել է ԱԺ շենքում»։

Հարցին, թե Վլադիմիր Վարդանյանը ոչինչ չի՞ ասել, պարզապես հարվածե՞լ է, ըստ Հովհաննիսյանի՝ հենց այդպես էլ եղել է։

Նա նշեց, որ այնուհետև դիմել են իրավապահներին, եկել են, հայտնաբերել նրան, տարել բաժին։

«Քաղաքական և իրավական հետևանք պետք է ունենա  սա նաև խմբակցության համար, տվյալ երիտասարդը սովորական փողոցային խուլիգան է,որը Քոչարյանի փողերով եկել է, և ամոթ է, որ նա ունի ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ»,-ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե ինչու իրենց դեպքում այդպես չեղավ, երբ Վահագն Ալեքսանյանն էր հարձակվել ընդդիմադիր պատգամավորի վրա, Հովհաննիսյանն ասաց․ «Նախ, դուք հիմա դա ինչո՞ւ եք հիշատակում, լավ էր արել հարձակվել էր Վահագն Ալեքսանյանը, դրա մեկնաբանությունը տրվել է, մենք հիմա այլ մարդու մասի ենք խոսում, որը հարվածել է պետաիրավական հանձնաժողովի նախագահի գլխին, ամեն դեպքում, ձեռքով էլ չի հարվածել։ Դուք էս միջադեպի մասին հարցրեք, այդ իրավիճակը կապ չունի այս միջադեպի հետ»։