Լույսդ բարով բացվի...
...սիրտդ տաք պահիր՝ Մարդ. Սրտի մեջ Աստված ունեցողը չի սառի, չի տխրի և չի ատի՝ ինքն իրեն... Մեր համատարած ատելությունը մեր կամ ուրիշի սխալի ու մեր նկատմամբ՝ անձնասպանության տեսակ է... Մի ատիր քեզ. ներումը Սեր է:
Այս մասին գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը.
«Հա, հասունության Լույսը միշտ չէ, որ գեղեցիկն ու լավն է ընդգծում, հաճախ թերացումն է տեսանելի սարքում, վատն ու քանդիչը, ցավն է խորացնում, բայց դա է հասունության գինը, որը վճարում ենք բոլորս՝ յուրաքանչյուրն իր ձևով, իր կտրածի չափով ու զգացածի ուժով:
Վճարում է մարդը, հասարակությունն ու անհատը. վճարում է աշխարհը:
Փոփոխության գինը հաճախ անդառնալի կորուստն է..., որի ցավը շատ է դեռ արձագանքելու քո մեջ, որի կերտած ճանապարհն անհանգստացնելու է դեռ երկար, որի ուղու վերջին երբեք չգիտես` որքան է մնացել:
Աշխարհը չի խոստացել, որ քեզ հանգիստ է թողնելու, մարդ, ոչ քեզ, ոչ սիրտդ, ոչ կյանքդ...
Դրա համար եմ ասում. սիրտդ տաք պահիր, որ Սերը գոնե մի փոքր անկյուն ունենա ապրելու:
... երբ դեռ հասուն չէիր՝ բեռդ չէիր գիտակցում, ու թվում էր՝ թեթև ես, վազում ես, ճախրում...իսկ հիմա, հասունությանդ հետ՝ առաջինը բեռդ ես զգում, գիտակցության բեռը... քո երազած կամ չսպասած փոփոխության բեռը...
Գիտակցությունն ու հասունությունը երբեք հեշտ չեն տրվում. խորդուբորդ կյանքով միայն... ու անվերջ։
Երիտասարդ( չհասկացող) ժամանակ՝ քայլելու պես հեշտ է ապրելը...
մեծանալուն զուգահեռ՝ բեռն էլ է մեծանում կյանքի հետ
ու ծանրանում ամբողջ ուժով ...
ու քանդվում ենք՝ կարծելով, թե մեկընդմիշտ պիտի լուծած լինեինք հարցերը...մեկընդմիշտ լուծել՝ կյանքի բոլոր հարցերը, ծիծաղելի է. չէ՜, մարդ, էդպես չի լինում:
Մա՜րդ,մեծանալով ուզում ես աշխարհը փոխած տեսնել..., բայց ոչ միշտ է այն փոխվում մեր կարծածով... ես կասեի՝ լրիվ հակառակը: Միակամ հա փչացնում ենք՝ մեր իսկ կամքով:
Մարդ, որ ստեղծվել ես Աստծո պատկերով ու նմանությամբ (երևի)... քո ամեն մի հույզն ու ապրումը ոսկեթել են, հյուսիր ուրեմն քո սիրո ու հաջողության ոսկեթել գորգը՝ առանց թախծի, առանց ավերակվելու ու առանց սառելու.
քո ոսկեթել պատմությունը թող նոր հեքիաթ դառնա՝ իր ապրած փորձով հանդերձ... թո՜ղ...
նոր, երջանկաբեր էջերով պատիր կյանքդ ու թող Նոր տարում միայն երջանկությամբ փոխվենք, ոչ ցավով:
Սիրտդ տաք պահիր Մարդ, որ ներսում կյանքը շատ լինի. մահվան դեմ միակ միջոցը Սերն է:
Սերն է, որ չի կորչում անհետ:
Սերը մեջդ է, կողքդ, տարածության մեջ, երկինքներում ու անգամ ցավի՜դ մեջ, միայն մի թող սիրտդ սառչի:
Աստծո ներկայությամբ է Սերը, որն էդքան հոգատար քեզ ստեղծել է Տարբեր!!!
ժպտա ինձ Մարդ, ու մանավանդ՝ քեզ:
Ժպտա աշխարհին, որովհետև այն միշտ էլ կմնա նույնը... խառն ու հետաքրքիր, անհիմն չար եւ հավերժ անկատար... Ժպտա, ախր սառած սիրտը նոր կյանք չի ծնի...
Իսկ մենք ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ, ու պիտի ՈՒԶԵՆՔ ապրել...
որովհետև անձնասպանությունը մեղք է, իսկ ինքդ քեզ ատելը՝ անձնասպանություն է...
սիրտդ ՏԱՔ պահիր, Մարդ...
ու թող Օրհնյալ Կիրակին Ամանորի նոր դուռ բացի՝ դեպի լույս»: