Մեր դրոշը մեր ուժի արտահայտությունն է, դրոշը ներկայացնում է այն ամենը, ինչ կազմում է Վրաստանը՝ նրա արժեքները, ինքնությունը, համոզմունքները, անցյալում ունեցած պայքարը և այսօրվա և վաղվա հաղթանակները։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Օրբելիանիների պալատում՝ պետական դրոշի օրվան նվիրված միջոցառմանը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ դրոշը հարգելն ու այն պաշտպանելը բոլորի պարտքն է։
«Հպարտություն, ուրախություն, հույս․ սրանք այն զգացողություններն են, որոնք ես և, հավանաբար, դուք նույնպես զգում ենք, երբ դիտում եք այս դրոշի մուտքն ու բարձրացումը։ Այս դրոշը շատ բան է ներկայացնում բոլորի համար: Առաջին հերթին դա մեր պետության, նրա ինքնիշխանության, անկախության խորհրդանիշն է, որի համար մեր նախնիները շատ երկար պայքարել են, զոհվել, որպեսզի այս դրոշը հարգվի մեզ համար և ներկայացնի վաղվա հույսը։ Դրոշը մեր միասնության խորհրդանիշն է, այն, ինչ եղել է և կլինի Վրաստանը։
Մենք բոլորս հպարտանում ենք, երբ տեսնում ենք, որ Վրաստանի դրոշն արդեն եվրոպական թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրի դրոշն է, և վաղը միանալու է եվրոպական երկրների դրոշներին՝ ձևավորելու այդ նոր, մեծ, ամուր միասնությունը։ Մենք գիտենք, որ մեր զինվորները պաշտպանում են մեր երկիրը այս դրոշի ներքո և կպաշտպանեն այն ամենուր, որտեղ պետք է, միշտ, միշտ, և իրենք են լինելու այս երկրի ինքնիշխանության երաշխավորը։ Սրա համար մեր հարգանքն ու երախտագիտությունը։ Առանց մեր միասնության դրոշը կորցնում է իր ուժը, իր նպատակը։ Ուստի մենք պարտավոր ենք, ի հեճուկս ամեն ինչի, երկրում և ցանկացած պետությունում հասնել այդ շատ մեծ ուժին, որը կոչվում է ժողովրդի միասնություն։ Ուզում եմ երիտասարդներին ասել՝ այս դրոշը ձեզ է պատկանում, ձերն է պաշտպանելը, դուք պետք է այս դրոշը բերեք այնտեղ, որտեղ այս երկրի ապագան է և թույլ մի տվեք որևէ մեկին փոխել այն արժեքները, որոնք կան այս դրոշի տակ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։