ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ: Հունվարի 14-ի կեսգիշերին նրանք Վանաձոր քաղաքի Իսահակյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում իրականացրին դարանակալում: Այդ ընթացքում նկատվել է 35-ամյա վանաձորցու կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան՝ սրահում, վարորդից բացի, երկու անձ: Մեքենան կայանել է նշված շենքի հարևանությամբ, ինչից հետո մեքենայում գտնվող անձանցից մեկը մտել է շենքի վերջին շքամուտք, իսկ 10-15 րոպե անց, լուսամուտից ցատկելով, դուրս է եկել բնակարանից, նստել իրեն սպասող մեքենան, և դիմել են փախուստի:
Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու Լոռու մարզի գումարտակի պարեկները Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են վերոհիշյալ մեքենան: Պարզվել է, որ 35-ամյա վարորդի ուղևորները 22-ամյա և 28-ամյա համաքաղաքացիներն են: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Բազումի բաժին:
Ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված բնակարանատերը հայտնել է, որ վերադառնալով տուն՝ տեսել է բոլոր իրերը խառնված, իսկ որոշ իրեր՝ կոտրված: Հայտնել է նաև, որ ներկա պահին չի կարող ասել, թե բնակարանից ինչ են գողացել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ոստիկանները դարանակալել են և գողության կասկածանքով ձերբակալել են վանաձորցի երեք տղամարդու
12:56, 15 հունվար 2024