Հետևեք մեզ։

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ փորձում եմ բերել կոմպրոմիսի, ես դեպի Մհեր Սահակյանը քայլ չեմ արել, ինքն է եկել և ինձ հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

17:52, 31 մարտ 2023
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ փորձում եմ բերել կոմպրոմիսի, ես դեպի Մհեր Սահակյանը քայլ չեմ արել, ինքն է եկել և ինձ հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

Այսօր Ազգային ժողովում գրանցված միջադեպից հետևանքով հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ԱԺ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել փակ նիստում։

«Մի պահ հանձնաժողովում քննարկման բնականոն ընթացքը խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել, և ես սկսեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին ասել, որ, ժողովուրդ ջան, եկեք վերադառնանք բովանդակային քննարկման փուլ և սրանով ավարտենք։ Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին պարոն Մհեր Սահակյանն ասաց, որ Դուք չեք կարող մեր վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, բա՝ չեք կարա, չեք կարա, չեք կարա, մոտեցավ ինձ, որովհետև կանգնել էի արդեն, և առանց որևիցե բան անելու հարձակվեց վրաս։ Հարձակվելուց հետո դիմեց փախուստի՝ հարվածելով տեսնում եք՝ որտեղ»։

Ըստ Վարդանյանի՝ ինքը քայլ չի արել դեպի պատգամավորը, մնացել է այն հատվածում, որտեղ սովորաբար նստում է․ «Ինձ բոլոր ճանաչողները կփաստեն, որ և՛ յոթերորդ, և՛ ութերորդ գումարման խորհրդարանում ես մշտապես եղել եմ այն անձը, ով փորձել է բերել կոմպրոմիսի։ Այս անգամ այդ միջադեպը տևել է ընդամենը մեկ րոպե, և, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները։ Ես՝ որպես նիստը վարող, պարզապես պահանջել եմ, որպեսզի հանդարտվեն, և բոլորը հարգեն միմյանց։ Ես քայլ՝ դեպի  պատգամավոր Սահակյան, չեմ կատարել և չէի էլ կարող կատարել։ Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ և առանց որևէ բան ասելու՝ հարվածել»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ ի՞նչ բժշկական միջամտություն է տեղի ուենցել, Վարդանյանն ասաց․ «Բավականաին զգալի կտրվածք է, երկու կար են դրել, բավականին ծանր հարված էր»։

Պատգամավորը դժվարացավ ասել՝ ձեռքո՞վ է ընդդիմադիր պատգամավորը հարվածել իրեն, թե՞ որևէ առարկայով․ «Ես չեմ կարող ասել, չեմ էլ կարող բացառել այս պահին, ես վաղը կմասնակցեմ դատաբժշկական փորձաքննությանը, բայց հարվածը նման է այդ կարգի գործիքով ստացվող վնասվածքներին»։

Նա նաև նշեց, որ ինքը որևիցե եղանակով չի միջամտելու իրավապահ մարմինների աշխատանքին, ինքը մանսակցել է հարցաքննությանը, ներկայացրել է եղելությունը, և որևիցե քրեաիրավական գնահատական արարքին չի տալու։