Հետևեք մեզ։

Դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով. Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

11:06, 16 հունվար 2024
Դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով. Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

 

Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ և բացահայտումների աճով:

 

Ռիչարդ Նեֆյուն, ով նաև նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ և բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար և նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձևերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ: