Հետևեք մեզ։

Պարբերաբար կրկնվող հրապարակային թիրախավորումն է բուժաշխատողների նկատմամբ բռնություն ծնող պատճառներից մեկը. Թորոսյան

14:35, 16 հունվար 2024
Պարբերաբար կրկնվող հրապարակային թիրախավորումն է բուժաշխատողների նկատմամբ բռնություն ծնող պատճառներից մեկը. Թորոսյան

Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելը բացի նրանց, որ անընդունելի և դատապարտելի է, ինչպես անընդունելի և դատապարտելի է ցանկացած անձի նկատմամբ բռնությունը, նաև արգահատելի է, քանի որ փաստացի նսեմացնում է այն կարևոր և անձնվեր գործը, որ բուժաշխատողները սովորաբար շատ լուռ իրականացնում են՝ ամեն օր փրկելով հազարավոր կյանքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հազարավոր փրկված կյանքերի մասին սովորաբար մարդիկ չեն տեղեկանում, նրանց մասին մամուլը սովորաբար չի գրում, քանի որ դրա մեջ սենսացիա չկա, հավանաբար «հերոսություն» էլ չկա, «կարծես թե դա հենց այդպես էլ պետք է լիներ»:

Բայց հենց մի դեպք լինի, որ, ցավոք, բուժաշխատողները չկարողանան փրկել մեր հայրենակիցներից մեկի կյանքը, քանի որ ոչ բոլորի կյանքն է լինում փրկել առողջական իրավիճակից կախված, մեզնից շատերը, մամուլը դրանից կսարքի սենսացիա՝ թիրախավորելով հենց բուժաշխատողներին, որոնք թեև կրկին անձնվիրաբար պայքարել, բայց, դժբախտաբար, չեն կարողացել փրկել մեզնից որևէ մեկի հարազատի կյանքը:

Եվ ահա պարբերաբար կրկնվող այս հրապարակային թիրախավորումն է նաև բուժաշխատողների նկատմամբ բռնություն և անհանդուրժողականություն ծնող պատճառներից մեկը, որի մասին մենք բոլորս պետք է խորհենք և հասկանալով դրա արատավոր բնույթը՝ դադարեցնենք այն:

Վերջին օրերին բռնության ենթարկված իմ գործընկերներին տոկունություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Նաև խնդրում եմ նրանց չհիասթափվել և շարունակել իրականացնել՝ սովորաբար լուռ, բայց կյանքեր փրկող առաքելությունը, ինչի համար երախտապարտ ենք ձեզ»,- գրել է Թորոսյանը: