ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ բնակավայրի 2 բնակչի՝ ազգությամբ հայ բնակչի սպանության կասկածանքով։ Նրանցից մեկին հայը գրեթե մեկ միլիոն ռուբլի պարտքով գումար է տվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քննության տվյալներով՝ բռնության նշաններով տղամարդու դիակի գտնվելու մասին հաղորդում է ստացվել դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման են ենթարկվել Աչինսկ բնակավայրի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։
Ըստ քննիչների՝ մահացածը ՀՀ-ից պարբերաբար այցելել է Աչինսկ՝ բուժման նպատակով։ Նա պարտքով գումար է տվել իր 56-ամյա ընկերոջը՝ գրեթե 1 միլիոն ռուբլի։
«Պարտքը մարելու պատրվակով տղամարդիկ նրան կանչել են ընկերոջ տուն, որտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մահակը և հարվածել նրա գլխին, որից հետո երկրորդ հարձակվողը նույնպես մի քանի անգամ հարվածել է տղամարդուն։ Ստացած վնասվածքներից նա կորցրել է գիտակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հանցագործությունը թաքցնելու համար տղամարդու դին թաքցրել են ջրանցքում։
ՆԳՆ տարածքային շտաբից հայտնել են, որ մահացածը 75-ամյա տղամարդ է, ով մահից մի քանի ժամ առաջ պետք է մեկներ Հայաստան։