Հետևեք մեզ։

Ինչո ՞ւ քաղաքապետարանը չի խոսել «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ․ մանրամասնում է Հայկ Կոստանյանը

14:41, 17 հունվար 2024
Ինչո ՞ւ քաղաքապետարանը չի խոսել «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ․ մանրամասնում է Հայկ Կոստանյանը

«Օղակաձև» այգին պետք է ծառայի հանրությանը, հանրային տարածք է, մարդիկ պետք է կարողանան հանգիստ զբոսնել և իրենց հանգիստը վայելել։ Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Թենիսի կորտերը, ինչպես նաև մնացած տնտեսվարողնեը, որոնք «Օղակաձև» այգում են, բիզնես են իրականացնում։ Թենիսն, իհարկե, տարբերվում է, սպորտ է և ունի պատմություն։ Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է, որ թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,-ասաց Կոստանյանը։

 

Կոստանյանն արձագանքեց լրագրողների դիտարկմանն առ այն, որ քաղաքապետարանը չի խոսել «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ և նշեց՝ դրա պատճառն այն, է, որ դեռ վերջնական լուծում չկա։

 

«4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։ Այս պահին ծրագրի հետ կապված քննարկումներ է իրականացնում ընկերությունը, որից հետո կներկայացնի քաղաքապետարան»,- ասաց նա և հավելեց, որ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, իսկ քաղաքապետարանը հայտարարել է՝ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, քաղաքապետարանի դռները բաց են։

 

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքի վերակառուցման և թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ է պատրաստում։