Ինչ պայմաններով Իրանն է տալիս Ադրբեջանի հիմնական հատվածից անցումը դեպի Նախիջևան, այնպես էլ ՀՀ-ն է պատրաստ տալ այդ անցումը Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին առ այն, որ եթե ՀՀ-ն չտա ճանապարհը Մեղրիի հատվածով, ապա իրենք կօգտվեն Իրանի տարածքով Նախիջևանին միանալու ճանապարհից և միևնույն ժամանակ չի բացի ՀՀ-ի հետ սահմանները, եթե, այսպես կոչված, «միջանցքը» չտրամադրվի Ադրբեջանին։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը արձագանքեց՝ վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, նոր անվտանգային իրավիճակ է սկսվել, Փաշինյանը ստեղծված իրավիճակում ինչ հակաքայլ է առաջարկում։
«Այս իրավիճակում, ինչպես և նախկինում մեր դիրքորոշումը պետք է լինի լեգիտիմությունը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։