Հետևեք մեզ։

«Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործում է «Սունդուկյան» թատրոնի հովանու ներքո․ Անդրեասյան

17:21, 17 հունվար 2024
«Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործում է «Սունդուկյան» թատրոնի հովանու ներքո․ Անդրեասյան

«Գոյ» թատրոնի հետ կապված տեղի է ունենում վերակազմակերպման գործընթաց, որպես ստեղծագործական միավոր՝ թատրոնի հետ որևէ բան տեղի չի ունենում, նախարարությունը շարունակելու է ֆինանսավորել թատրոնի խաղացանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու հետ կապված հարցին:

«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործում է «Սունդուկյան» թատրոնի հովանու ներքո: Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ Գ. Սունդուկյան թատրոնն է վճարել «Գոյ»-ի կոմունալները, նաև այդ իմաստով ամբողջապես անկախ ու ինքնավար իրավիճակ չի եղել: Լինելու է մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր: Անդրեասյանի վստահեցմամբ՝ «Գոյ» թատրոնը ստանալու է հավելյալ հնարավորություններ, քանի որ Սունդուկյան թատրոնի բեմերն ու տարածքները շատ ավելին են: «Կարծում եմ, որ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նաև նոր մտահաղացումներ ունենալ՝ դրանք իրագործելու նաև այդ ենթակառուցվածքի պայմաններում: Կարծում եմ՝ սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության և նոր ծրագրերի: Եվ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք ըստ էության կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,-ասաց նախարարը:

Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ նախարարությունը շարունակելո՞ւ է ֆինանսավորել «Գոյ» թատրոնի խաղացանկը: Նախարարը դրական պատասխան տվեց: Ընդ որում` խաղացանկի հետ կապված՝ նախարարությունը որևէ որոշում չի կայացնում որևէ թատրոնում:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց ևս մեկ անգամ հանդիպել «Գոյ» թատրոնի գործընկերներին, զրուցել, որ այնպիսի իրավիճակ չլինի, որ մի կողմը մյուսին չհասկանա:

Նախարարը տեղեկացրեց, որ փոխնախարարը մի քանի օր առաջ ընդունել է «Գոյ» թատրոնի գրեթե ողջ աշխատակազմին, սակայն դռները բաց են, կարող են կրկին հանդիպել: