Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանի լիակատար անդորրը անհանգստացնում է ֆրանսիական կողմին․ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայտարարություն է տարածել

11:17, 18 հունվար 2024
Հայ-ադրբեջանական սահմանի լիակատար անդորրը անհանգստացնում է ֆրանսիական կողմին․ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայտարարություն է տարածել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ։

 

«Վերջին տարիներին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սենատը և Ազգային ժողովը, ակտիվացրել են իրենց բացահայտ ռասիստական, ադրբեջանաֆոբ և իսլամաֆոբ գործունեությունը Ելիսեյան պալատից անմիջապես ստացված հրահանգների հիման վրա և շարունակում են անարդար քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով։ Թեև միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելը ֆրանսիական կողմի և՛ բազմակողմ, և՛ երկկողմանի միջազգային պարտավորությունն է, Ֆրանսիան կասկածի տակ է դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրամիության շրջանակներում Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված բազմաթիվ որոշումների և բանաձևերի նախագծերի չընդունումը կապված է ադրբեջանական պետության հաջող արտաքին քաղաքականության, ինչպես նաև Ֆրանսիայի նախաձեռնությունների՝ որպես կողմնակալ և ոչ օբյեկտիվ իրավացի գնահատականի հետ։ 


Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև նրա Սենատի և Ազգային ժողովի ապակառուցողական և սադրիչ գործողությունները ծառայում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի իրականացմանը խոչընդոտելուն և հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակը սրելուն։


Այն փաստը, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին լիակատար անդորր է, և որ որևէ հակամարտություն տեղի չի ունեցել, կարծես թե անհանգստացնում է ֆրանսիական կողմին։ Ֆրանսիան տարբեր միջոցների դիմելով փորձում է խոչընդոտել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշվում է հայտարարության մի հատվածում։