Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրությունը չկա։ Այս մասին այսօր իր ամենամյա ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Մակրոնի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ստորագրեցին 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին վերաբերող փաստաթուղթը։ Լավրովը նշել է, որ փաստաթղթի ստորագրումը վերաբերում է այդ հռչակագրին, նշանակում է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում։
«Բայց ես չգիտեմ, թե որքանով է Հայաստանը պատրաստ սրան»,- ասել է նա։