Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի: Նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում տվել են խոստովանական ցուցմունք:
Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: