Հետևեք մեզ։

Ովքեր իրենց թույլ կտան վիրավորել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու, այսօրվա իբր հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ժամանակին ծրարով դոլար էին «ճպացնում»․ Ալեն Սիմոնյան

17:06, 19 հունվար 2024
Ովքեր իրենց թույլ կտան վիրավորել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու, այսօրվա իբր հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ժամանակին ծրարով դոլար էին «ճպացնում»․ Ալեն Սիմոնյան

Իհարկե, այսօր ավելի հեշտ է թվում պաշտոնյային վիրավորելը կամ ստեր տարածելը: Ժամանակին նման եզակի դեպքերն իրենց արձագանքն էին ստանում կա՛մ շենքի մուտքերում ծեծ ուտելով, կա՛մ շատ ու շատ պաշտոնյաներ որոշ այսօրվա իբր արդար և ազնիվ, հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ծրարով դոլար էին «ճպացնում»: Անունը դնում էին՝ դե օգնենք, որպեսզի ԶԼՄ-ն կայանա: Դրա դիմաց ԶԼՄ-ն ուղղակի անտեսում էր պաշտոնյային, հյուր էր կանչում մեկին, ով կգովա հովանավորին, կամ գոնե նյութ գրելիս մականունը չէր գրում, կամ էլ, կախված ծրարի ճտոցի ուժգնությունից և ծանրությունից նույնիսկ գովերգում էր պաշտոնյային:

 

Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է նախկին լրագրող, խմբագիր Ալեն Սիմոնյանը։

«Հիմա պաշտոնյա վիրավորելու կամ սուտ ասելու մեջ հերոսություն չկա, ոչ ակնկալվող փող կա, ոչ էլ կծեծեն: Նենց, որ շատ մի ոգևորվեք: Բայց կա հիմա նաև օրինական տարբերակ՝ պարզապես չալարել և դիմել դատարան: Մի տեղ պարտվել, մի տեղ հաղթել: Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում: Իրենք, բնական է, այդ ընթացքում կմեղադրեն դատարաններին, կասեն՝ ներողություն են խնդրում, որովհետև օրինապաշտ են, բայցեր ու բացատրություններ կբերեն ու խելոք ներողությունը կխնդրեն և կվճարեն դատարանի սահմանած այս կամ այն քանակի գումարը: Սա առաջին ու վերջին օրինակը չէ, և մոտ ապագայում դեռ շատ այսպիսի բանախոսների օրինակներ եմ հրապարակելու, որոնց բերում և հատուկ խոսեցնում են, որ վիրավորանք կամ զրպարտանք արտաբերեն, իրենց հրավիրող բիզնեսմեն խմբագիրների, քաղաքական գործիչների և հին մասնագիտություն ունեցող, բԱյց հիմա բոլգերների ներկայացողների, ովքեր իմացել են, թե ինչպես կարելի է ինտերնետով եթեր մտնել և նաև այդպես հայտնի դառնալ»:

Ավելի վաղ ԱԺ-ն հայտնել էր․«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:

Հիշեցնեմ, որ հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել համանուն կայքում և ֆեյսբուքյան էջում:

Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Նշենք, որ սա Երևանի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռն է։