Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ամփոփել է երկրի առաջնության ընթացքը:
«Հայաստանի առաջնության մեկնարկը ինձ համար շատ վատն էր: Մեկնարկային երեք տուրը անհաջող դասավորվեցին ինձ համար: Ընդհանուր առմամբ` միայն երկրորդ հատվածում փորձում էի իմ լավագույն խաղը ցուցադրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Չեմպիոնի խոսքով` իր խաղի նկատմամբ վստահությունը վերադարձավ, երբ առաջին հաղթանակը տոնեց ավարտված առաջնությունում:
«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի հավաքականում հանդես կգամ, բայց վերջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2011 թվականին»,- ասաց նա:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ: