Վաղվանից սկսվում է Առաջավորաց պահքը, որը տևում է 5 օր: Հայոց համար սահմանված առաջին պահքն է՝ կապված Հայոց Մեծ Դարձի իրադարձության հետ: Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը․
«Այս պահքը հաստատել է Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, երբ նրան դուրս բերեցին Խոր վիրապից:
Հնգօրյա պահեցողությունից հետո Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը շուրջ 70 օր քարոզեց և ուսուցանեց Հայոց Տրդատ Մեծ արքային, նրա ընտանիքին, իշխաններին, զորականներին, բազմաբյուր ժողովրդին:
Հրաշափառ և հաղթական այդ օրերի հիշատակն ու պատգամն է ամփոփում իր մեջ այս Պահքը:
Հրավեր եմ կարդում ձեզ ամենքիդ, սիրելի ընկերներ, որ դուք ձեր մտքում և հոգում ի մի բերեք Հայրենի մեր երկիրը, Հայոց պետությունն ու պետականությունը, Հայոց ազգը և Եկեղեցին Հայկական և մաքուր՝ սուրբ սրտով ու ջերմ հավատքով այս հինգ օրերի ընթացքում պահեցողությամբ և աղոթքներով դիմեք Ամենազոր Աստծուն և Նրա օգնությունը հայցեք:
Աստվածային զորությամբ և մեր միասնական ջանքերով է, որ փոթորկված այս աշխարհում կարողանալու ենք անխորտակ պահպանել մեր Հայ Տապանը:
Թող այս պահքի շրջանում մեզ հետ և մեզ համար անդադար բարեխոսեն մեր սուրբ նախնիք, ովքեր հիմքը դրեցին Քրիստոնյա Հայաստանի:
Այս փոքրիկ զոհողությամբ, վստահաբար, մեծ հաղթանակ ենք շահելու: Աստված մեզ ապավեն և պահապան»: