Հետևեք մեզ։

Այս տարի Երևանում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշար

13:31, 22 հունվար 2024
Այս տարի Երևանում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշար

Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մաքվեցյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ զանգվածային միջազգային քաղաքային և երիտասարդական միջոցառումներ տեղի կունենան:

«Նախատեսվում է անցկացնել Երևան քաղաքի առաջնություններ 13 մարզաձևերից: Այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար, «Երևան» մարաթոն-մրցաշարը, որի համար ակնկալվում է 1000 և ավելի վազորդների մասնակցությունը: Հունիսին Երևանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի մրցաշարեր, որոնք մեր ազգային հավաքականների համար կլինեն վերջին ստուգատեսը Փարիզի ամառային 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցությունից առաջ: Նշված օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն նաև Երևանի մարզիկները, որ նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր»,-ասաց վարչության պետը: