Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ

16:35, 22 հունվար 2024
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է շրջանառել, համաձայն որի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը առաջարկում է փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նախագծում նշվում է, որ դրա արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:


Նախագծում նշում են, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։


Պարզվում է նաև, որ միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից»։